Ծննդաբերության բացման շրջանը

Ծննդաբերության բացման շրջանը
Ծննդաբերության առաջին` արգանդի պարանոցի բացման շրջանում, ի հայտ է գալիս արտամղող ուժերի առաջին կոմպոնենտը` կծկանքները: Կծկանքների ժամանակ արգանդի մկաններում տեղի է ունենում 2 ֆիզիոլոգիական պրոցես` մկանների կոնտրակցիա և ռետրակցիա:
Կոնտրակցիայի շնորհիվ` մկանաթելերը կծկվում են, կարճանում, իսկ ռետրակցիայի շնորհիվ կծկված մկանաթելերը տեղաշարժվում են մեկը մյուսի նկատմամբ, որի հետևանքով արգանդի ստորին  սեգմենտից մկանները շարժվում են դեպի արգանդի վերին սեգմենտ և արգանդի հատակ: Միջկծկանքային ընդմիջումների ժամանակ մկանաթելերի տեղաշարժը պահպանվում է : Ստորին  սեգմենտի ձգման և մկանների` դեպի վեր տեղաշարժման շնորհիվ, արգանդի պարանոցը կարճանում է, հարթվում է պարանոցի  շրջանաձև մկանաթելերը ձգվում են դեպի աջ, ձախ և վեր, տեղի է ունենում մկանների դիստրակցիա, և պարանոցն աստիճանաբար սկսում է բացվել:

Պարանոցի բացմանը նպաստում է նաև պտղաջրերով լցված փակ պտղապարկը: Քանի որ կծկանքների ժամանակ բարձրանում է ներարգանդային ճնշումը, իսկ ֆիզիկայի օրենքով ճնշումը բոլոր կողմերում տարածվում է հավասարաչափ, ուստի լիքը պտղապարկը ներհրվում է դեպի թույլ դիմադրողականության` արգանդի պարանոցի շրջան և նպաստում է պարանոցի բացմանը: սա կոչվում է հիդրավլիկ սեպ:
Առաջնածինների և կրկնածինների մոտ պարանոցի բացումն ընթանում է տարբեր ձևերով: Առաջնածինների մոտ պարանոցի բացումն ընթանում է տարբեր ձևերով: Առաջնածինների մոտ սկզբում բացվում է պարանոցի ներքին բացվածքը (ներքին օղ), հետո լայնանում է պարանոցի խողովակը ձագարաձև, այնուհետև, աստիճանաբար արգանդի պարանոցը կարճանում է, հարթվում  և բացվում է արգանդի պարանոցի արտաքին օղը և դառնում  է մեկ ընդհանուր ծննդաբերական խողովակ, իսկ  կրկնածինների մոտ հղիության վերջում արգանդի պարանոցի արտաքին օղը հանգիստ բաց է թողնում մատի ծայրը և ծննդաբերության  առաջին շրջանում ներքին և արտաքին օղերը համարյա բացվում են միաժամանակ:
Պարանոցի բացումը տեղի ունենում աստիճանաբար: Պարանոցի բացումը համարվում է լրիվ, եթե բացումը 10-12սմ է:
Ծննդաբերության առաջին շրջանը բաղկացած է 3 փուլից:
1.Լատենդ փուլ
2.Ակտիվ փուլ
3.Դանդաղեցման փուլ:



1.Լատենդ փուլը բնորոշվում  է նրանով, որ արգանդի պարանոցը հարթվում և բացվում է 3-4 սմ: Այս փուլը առաջնածինների մոտ տևում է 9 ժամ, կրկնածինների մոտ `6ժամ:
2.Ակտիվ փուլն իր հերթին կազմված է.
ա)արագացման փուլից  (երբ կծկանքները արագանում են)
բ)մաքսիմալ փուլից (երբ կծկանքները հասնում են իրենց մաքսիմալ ինտեսիվության):
Ակտիվ փուլում առաջնածինների մոտ պարանոցը բացվում է 1 ժամում, մոտավորապես 1-1,2 սմ, իսկ կրկնածինների մոտ 1 ժամում 1,5սմ, այսինքն պարանոցի բացումը 4սմ-ից  հասնում է 8 սմ, առաջնածինների մոտ այն տևում է 4-4,5 ժամ, կրկնածինների մոտ 2,5-3 ժամ:
3.Դանդաղեցման փուլը լինում է ծննդաբերության առաջին շրջանի վերջում, այսինքն արտամղման շրջանից առաջ: Պարանոցը սկսում է բացվել 8 սմ-ից մինչև 10սմ: Այս շրջանը առաջնածինների մոտ տևում է 1 ժամ, կրկնածինների մոտ 15 րոպե: Այս ամենի հետ միասին, շատ կարևոր նշանակություն ունի նաև կծկանքների արդյունավետությունը:

Կծկանքների արդյունավետությունը ասելով հասկանում ենք .
1.Կծկանքների ուժը, տևողությունը, հաճախականությունը,
2.արգանդի պարանոցի բացման ընթացքը,
3.Պտղի աստիճանական առաջխաղացումը ծննդաբերական ուղիներով:
 Եթե այս ամենը չի կատարվում, ասում ենք, որ կծկանքները արդյունավետ չէն: Շատ կարևոր է պարանոցի հասունության աստիճանը, որը որոշվում է ըստ Բիշոպի սանդղակի: Արգանդի պարանոցը համարվում է հասուն, երբ
1.Պտղի գլխի ֆիքսման շնորհիվ ստորին սեգմենտը արտափքվում է
2.Արգանդի պարանոցը կարճացած է 0,5 սմ և ավելի կարճ
3.Պարանոցի արտաքին և ներքին օղերը բաց են և բաց են թողնում մատի ծայրը
4.Պարանոցի բացվածքը տեղակայված է կենտրոնական
5.Արգանդի պարանոցը շատ փափկած է:
Պտղի գլուխը` իջնելով կոնքամուտք, արգանդի ստորին սեգմենտը բոլոր կողմերից գրկում է գլխին, ստեղծվում է, այսպես կոչված. հպման գոտի:
Հպման գոտին պտղաջրերը բաժանում է 2 մասի: Եթե հպման գոտուց ցած են պտղաջրերը, իսկ հպման գոտուց վեր գտնվող պտղաջրերը` հետին պտղաջրեր:
Նորմալ ծննդաբերության դեպքում առաջնային պտղաջրերն արտահոսում են պարանոցի լրիվ կամ գրեթե  լրիվ բացման պայմաններում, իսկ հետին պտղաջրերն արտահոսում են պտղի դուրս գալուց անմիջապես հետո:
Պտղաջրերի արտահոսքը ` մինչև ծննդաբերական գործունեության սկիզբ, կոչվում է պտղաջրերի վաղաժամ արտահոսք: Եթե պտղաջրերը արտահոսում են ծննդաբերական գործունեության սկսվելուց հետո, բայց դեռևս չկա պարանոցի լրիվ կամ համարյա լրիվ բացում, կոչվում է պտղաջրերի վաղ արտահոսք, իսկ եթե պարանոցի բացումը լրիվ է, բայց պտղաջրերը չէն արտահոսում, կոչվում է պտղաջրերի ուշացած արտահոսք:

0 մեկնաբանություն(ներ):