Պլացենտա

Մարդու պլացենտան ունի կառուցվածքի հեմոխորիալ տիպ,որը բնութագրվում է խորիոնի հետ մայրական արյան անմիջական կոնտակտով: Հեմոխորիալ պլացենտայի առաջացումը էվոլյուցիոն տեսակետից բարձրագույն փուլն է: Նրանում արտահայտվում են մոր և պտղի ֆունկցիոնալ համակարգերի բարդ փոխհարաբերությունները: Պլացենտայի զարգացումը և ֆունկցիաները Պլացենտայի հիմնական մասը կազմում են խորիոնի թավիկները, որոնք տրոֆոբլաստի ածանցյալներն են: Օնտոգենեզի վաղ փուլերում տրոֆոբլաստն առաջացնում է պրոտոպլազմատիկ ելուստներ (առաջնային թավիկներ), որոնք անոթազուրկ են, սննդանյութերի ու թթվածնի անցումը պտղաձվին կատարվում է օսմոսի և դիֆուզիայի օրենքներով: Հղիության 2-րդ ամսվա վերջում առաջնային թավիկներին ներաճում է շարակցական հյուսվածք, և վերջիններս վերածվում են երկրորդային թավիկների: Ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային թավիկները հավասարաչափ ծածկում են պտղաձվի ամբողջ մակերեսը: Երկրորդային թավիկների էպիթելը կազմված է 2 շերտից` ցիտոտրոֆոբլաստի շերտ (Լանգհանսի շերտ) և սինցիտիում (սիմպլաստ): Ցիտոտրոֆոբլաստի շերտը կազմված է խոշոր կորիզներով կլորավուն բջիջներից: Սինցիտիումում բջջային սահմանները գործնականորեն չեն որոշվում, ցիտոպլազման մուգ է ,հատիկավոր: Հղիության 3-րդ շաբաթից սկսվում է պլացենտայի զարգացման շատ կարևոր շրջան. թավիկները անոթավորվում են, որի արդյունքում վերջիններս վերածվում են երրորդային թավիկների: Պլացենտայի անոթների ձևավորումը կատարվում է ինչպես պտղաձվի անգիոբլաստներից, այնպես էլ ալանթոիսից աճող պորտալարային անոթներից: Ալանթոիսի անոթները ներաճում են երկրորդային թավիկների մեջ, և արդյունքում յուրաքանչյուր թավիկ անոթավորվում է: Այսպես իրականանում է ներարգանդային զարգացման կարևորագույն գործընթացը` խորիոնի վասկուլյարիզացիան: Ինչպես նշվեց, պտղաձվի զարգացման վաղ շրջաններում խորիոնի թավիկները հավասարապես ծածկում են ամբողջ պտղաձվի մակերեսը: Սակայն սկսած օնտոգենեզի 2-րդ ամսից` պտղաձվի մակերեսի մեծ մասի վրա թավիկները հետ են զարգանում, միևնույն ժամանակ խիստ զարգանում և ճյուղավորվում են պտղաձվի այն մասում ,որն ուղղված է դեպի դեցիդուալ թաղանթի բազալ մասը: Այսպես ձևավորվում են ճաղատ և ճյուղավոր խորիոնները:

Հասուն պլացենտայի կառուցվածքը
Պլացենտան արտաքինից ունի հաստ փափուկ բլիթի տեսք:Դրա քաշը կազմում է 500 - 600գ, հաստությունը` 2-3սմ: Պլացենտան ունի 2 մակերես` մայրական, որն ուղղված է դեպի արգանդի պատը, և պտղային, որն ուղղված է դեպի պտուղը: Մայրական մակերեսն ունի կարմրամոխրավուն գունավորում և դեցիդուալ թաղանթի բազալ մասի մնացորդներն է: Պտղային մակերեսը ծածկված է փայլուն ամնիոտիկ թաղանթով, որի տակով խորիոնին են մոտենում անոթները, որոնք պորտալարի կպման տեղից ուղղվում են դեպի պլացենտայի պերիֆերիան: Պլացենտան կազմված է 15-20 բլթակներից կամ կոտիլեդոններից: Վերջիններս իրարից բաժանվում են շարակցահյուսվածքային միջնապատերով: Յուրաքանչյուր այդպիսի բլթակին մոտենում է 1 խոշոր անոթ:

 Հասուն թավիկի մանրադիտակային կառուցվածքը
 Ընդունված է տարբերել թավիկների 2 տեսակ` ազատ և խարսխային: Ազատ թավիկները, որոնք մեծամասնություն են կազմում, տեղակայված են միջթավիկային տարածությունում և «լողում « են մայրական արյան մեջ: Ի տարբերություն դրանց` խարսխային թավիկներն ամրանում են բազալ դեցիդուալ թաղանթին և ապահովում պլացենտայի` արգանդի պատին ֆիքսացիան: Ծննդաբերության երրորդ շրջանում այս թավիկների կապը դեցիդուալ թաղանթի հետ խախտվում է, և կծկանքների ազդեցությամբ պլացենտան դուրս է մղվում արգանդից: Հասուն թավիկի մանրադիտակային զննման ժամանակ տարբերում են հետևյալ գոյացությունները` 1.սինցիտիում, որը չունի բջջային հստակ սահմաններ, 2.ցիտոտրոֆոբլաստի շերտ կամ նրա մնացորդները, 3.թավիկի ստրոման, 4.մազանոթի էնդոթելը, որի լուսանցքում հստակ երևում են արյան ձևավոր տարրերը:

Արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը
Արգանդում արյունահոսքն իրականացվում է 150-200 պարուրաձև արգանդային զարկերակներով, որոնք բացվում են դեպի միջթավիկային տարածություն: Պարուրաձև զարկերակները հղիության 5-6 շաբաթականից սկսած ենթարկվում են տրանսֆորմացիայի. կորցնում են մկանային շերտը և կծկվելու ունակությունը: Պարուրաձև զարկերակներում անոթային դիմադրության առավելագույն նվազում դիտվում է 13-14 շաբաթականում: Պլացենտայի զարկերակային անոթները պորտալարից անջատվելուց հետո ճառագայթաձև բաժանվում են բլթակների թվին համապատասխան:Զարկերակային անոթների հետագա ճյուղավորման արդյունքում թավիկներում ձևավորվում է 27 մազանոթային ցանց, որոնցից արյունը հավաքվում է երակային համակարգի մեջ:Երակները, որոնցով հոսում է զարկերակային արյուն, հավաքվում են առավել խոշոր երակային ցողունների մեջ և վերջապես թափվում պորտալարային երակի մեջ: Հեմոդինամիկայի նկարագրված առանձնահատկությունները շատ մեծ նշանակություն ունեն մորից դեպի պտղի օրգանիզմ զարկերակային արյան անխափան տրանսպորտի համար: Արյունահոսքը միջթավիկային տարածությունում հղիության վերջում բավականին ինտենսիվ է և միջինը կազմում է 500-700 մլ արյուն րոպեում:

 Պլացենտայի հիմնական ֆունկցիաները
Պլացենտայի հիմնական ֆունկցիաներն են` 1.շնչառական, 2.տրոֆիկ, 3.պատնեշային, 4.էնդոկրին: Շնչառական ֆունկցիա.: Պլացենտայում գազափոխանակությունն իրականացվում է դեպի պտղի օրգանիզմ թթվածնի անցման և նրա օրգանիզմից ածխաթթու գազի հեռացման ճանապարհով: Այս գործընթացները կատարվում են հասարակ դիֆուզիայի օրենքներով:Պլացենտան օժտված չէ թթվածին և ածխաթթու գազ կուտակելու ունակությամբ, այդ իսկ պատճառով վերջիններիս փոխադրումը կատարվում է անընդհատ: Տրոֆիկ ֆունկցիա: Պտղի սնուցումն իրականացվում է պլացենտայով` մետաբոլիզմի պրոդուկտների անցնելու շնորհիվ: Պլացենտայով անցնում են սպիտակուցները, լիպիդները, գլյուկոզան, ջուրը, էլեկտրոլիտները, վիտամինները: Պլացենտայում կան նաև մի շարք ֆերմենտներ, որոնք ակտիվորեն մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին: Էնդոկրին ֆունկցիա: Հղիության ընթացքում պլացենտան գործում է որպես հզոր էնդոկրին օրգան, որն ապահովում է օպտիմալ հորմոնային հոմեոստազը ինչպես մոր, այնպես էլ պտղի օրգանիզմում: Պլացենտայում սինթեզվող հիմնական հորմոններն են` պլացենտար լակտոգենը, խորիոնային գոնադոտրոպինը, էստրոգենները, պրոգեստերոնը: Պլացենտար լակտոգենը սպիտակուցային բնույթի հորմոն է: Գրեթե ամբողջությամբ անցնում է մայրական արյունահոսքին և ակտիվ մասնակցություն է ունենում ածխաջրատային և ճարպային փոխանակությանը: Իր կառուցվածքով նման է ադենոհիպոֆիզի աճի հորմոնին: Այս հորմոնը կարևոր դեր է կատարում պլացենտար անբավարարության ախտորոշման մեջ: 28 Խորիոնային գոնադոտրոպինը սպիտակուցային ծագման պլացենտար մեկ այլ հորմոն է: Իր կառուցվածքով և կենսաբանական ազդեցությամբ շատ նման է լյուտիենացնող հորմոնին: ԽԳ-ն կազմված է 2 ենթամիավորից` α և β: Առավել հստակ պլացենտայի ֆունկցիայի մասին պատկերացում է տալիս β-ԽԳ-ն: ԽԳ-ն արյան մեջ հայտնաբերվում է արդեն հղիության վաղ շրջանում`առավելագույն մակարդակի հասնելով 8- 10շաբաթականում: Հղիության վաղ շրջանում դեղին մարմնում այն խթանում է ստերոիդոգենեզը, երկրորդ կեսում խթանում է էստրոգենների սինթեզը պլացենտայում: Պտղին անցնում է սահմանափակ քանակությամբ: Ենթադրվում է, որ այն մասնակցում է պտղի սեռական տարբերակման գործընթացներին: Էստրոգենները( էստրադիոլ, էստրոն, էստրիոլ) սինթեզվում են պլացենտայում հարաճող քանակներով, ընդ որում, առավել մեծ քանակություն դիտվում է ծննդաբերության նախօրեին: Պլացենտայի էստրոգենները 90%-ով ներկայացված են էստրիոլով: Ծննդաբերության նախօրեին հիմնականում մեծանում է էստրադիոլի սինթեզը: Շատ մասնագետներ հենց այս հորոմոնին են վերագրում օրգանիզմի` ծննդաբերության նախապատրաստելու գլխավոր դերը: Պրոգեստերոնի արտադրությանը կարևոր տեղ է տրվում պլացենտայի էնդոկրին ֆունկցիայում: Այս հորմոնի արտադրությունը սկսվում է հղիության վաղ շրջանից, սակայն առաջին 3 ամիսների ընթացքում պրոգեստերոնի սինթեզում գլխավոր դերը կատարում է դեղին մարմինը, և միայն 12 շաբաթից հետո այդ դերը կատարում է պլացենտան: Պատնեշային ֆունկցիան: «Պլացենտար» պատնեշ հասկացությունը ներառում է հետևյալ հյուսվածաբանական կառույցները` սինցիտիոտրոֆոբլաստ, ցիտոտրոֆոբլաստ, թավիկների ստրոմա և մազանոթի էնդոթել: Արյան մեջ մշտապես գտնվող և պատահաբար արյան մեջ ընկած նյութերի տրանսպլացենտար անցումը ենթարկվում է տարբեր օրենքների: Մոր արյան մեջ մշտապես առկա նյութերի անցումը պտղին կարգավորվում է բավականին հստակ մեխանիզմներով: Արդյունքում որոշ նյութեր մոր արյան մեջ պարունակվում են ավելի մեծ կոնցենտրացիաներով, քան պտղի և, հակառակը: Իսկ մոր արյան հուն ընկած պատահական նյութերի նկատմամբ պլացենտայի պատնեշային ֆունկցիաները սահմանափակ են, ուստի պլացենտայով համեմատաբար հեշտ են անցնում տոքսիկ պրոդուկտները, դեղերի մեծամասնությունը, նիկոտինը, ալկոհոլը և այլն: Պլացենտայի թափանցելիությունը հղիության ֆիզիոլոգիական ընթացքի դեպքում պրոգրեսիվորեն մեծանում է մինչև 32 – 35 շաբաթական, որից հետո փոքր-ինչ նվազում է: Պլացենտայի պատնեշային ֆունկցիաներն առավել լիարժեք արտահայտվում են հղիության ֆիզիոլոգիական ընթացքի դեպքում: Ախտաբանական գործոնների (միկրոօրգանիզմներ և դրանց տոքսիններ, ալկոհոլ, նիկոտին և այլն) ազդեցությամբ 29 պլացենտայի պատնեշային ֆունկցիան խախտվում է, և այն թափանցելի է դառնում այնպիսի նյութերի նկատմամբ, որոնց նկատմամբ ֆիզիոլոգիական պայմաններում թափանցելի չէ:



©ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Պրոֆեսորներ Գ.Ա. Բեգլարյանի և Ռ. Ա. Աբրահամյանի խմբագրությամբ

0 մեկնաբանություն(ներ):