Ծննդաբերություն

Ծննդաբերություն


Ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է, որի ժամանակ արգանդի խոռոչից դուրս է մղվում պտուղը ընկերքի և պտղաթաղանթների հետ միասին:

Ծննդաբերության առաջացման պատճառները
Հղիության վերջում կնոջ օրգանիզմում տեղի է ունենում մի շարք փոփոխություններ, որոնց համագումարը բերում է ծննդաբերության:
1.Հղիության վերջում  զգալի պակասում է ուղեղի կեղևի գրգռականությունը և, ընդհակառակը, բարձրանում է  ենթակեղևի, ողնուղեղի և արգանդի պատում գտնվող ներվաթելերի գրգռականությունը:  Ողնուղեղից գնացող ներվաթելերը նպաստում են արգանդի մկանների կծկմանը:
2.Պտղի չափսերի մեծացմանը զուգընթաց, պտղամասերը ավելի են մտնում արգանդի պատերին, կպչելով գրգռում են արգանդի պատում գտնվող ներվաթելերը: Բացի այդ, պտղի առաջադիր մասը իջնելով գրգռում է արգանդի ստորին սեգմենտի և ներքին օդի շրջանում տեղակայված նյարդային ռեցեպտորները:
3.Հղիության վերջում շատանում է էստրոգենների քանակը, որը բարձրացնում է արգանդի մկանների տոնուսը և արգանդի զգայունությունը այդ նյութերի նկատմամբ, որոնք առաջացնում են արգանդի մկանների կծկումը և պահպանում հղիությունը:
4.Հիպոֆիզի կողմից արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որն առաջացնում է մկանների կծկում:
5.Հղիության վերջում շատանում է ացետիլ-խոլինի, պրոսագլանդինի և այլ կենսաբանական ակտիվ նյութերի քանակը, որոնք ուժեղացնում են արգանդի մկանների կծկումը, իսկ արգանդի յուրաքանչյուր կծկում ուղեկցվում է արգանդի ներվաթելերի գրգռմամբ, որի հետևանքով ներվային վերջույթներն  արտադրում են կենսաբանական ակտիվ նյութերի  նոր քանակություն` ացետիլ, խոլին, սիմպատին, պրոստագլանդին, իսկ սա պատճառ է դառնում արգանդի մկանների նոր կծկման: Այս պրոցեսը կրկնվում է անընդմեջ, մինչև ծննդաբերության ավարտը:
6. Հղիության վերջում արյան մեջ և արգանդի մկաններում շատանում է կալցիումի քանակը, որը նպաստում է արգանդի մկանների կծկմանը, և, ընդհակառակը, պակասում է մագնեզիումի քանակը, որն արգելակում է արգանդի մկանների կծկումը:
7.Հղիության վերջում արգանդի մկաններում շատանում է կծկող սպիտակուցի ակտոմիոզինի քանակը: Շատանում է նաև գլիկոգենի քանակը մկաններում, որը էներգիայի աղբյուր է հանդիսանում արգանդի մկանների կծկման համար:
Այս ամենի հանրագումարը բերում է ծննդաբերության առաջացմանը:
Ծննդաբերությունը համարվում է սկսված, երբ սկսվում են արգանդի մկանների ռեգուլյար, պարբերաբար կրկնվող կծկանքները:

Ծննդաբերության նախանշանները
1.Ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ արգանդի հատակը իջնում է, քանի որ իջնում է պտղի առաջադիր մասը, ստոծանու վրա ճնշումը թուլանում է և կինն ավելի հանգիստ և ազատ է շնչում:
Պտղի առաջադիր մասն իջնում է դեպի կոնքա մուտքը : Առաջաջնածինների մոտ առաջադիր մասը ֆիքսվում է կոնքամուտքում:
2.Ծննդաբերությունից առաջ արգանդի պարանոցը նույնպես նախապատրաստվում է ծննդաբերությանը:  Սա արգանդի պարանոցի հասունությունն է, այսինքն ` արգանդի պարանոցը խիստ փափկում է, քիչ կարճանում են և պարանոցի բացվածքը դասավորվում է կենտրոնական` կոնքի հաղորդակից առանցքի ուղղությամբ:
3.Կանանց որոշ մասը որովայնի ստորին մասի և սրբանի շրջանում զգում է դեպի ցած ձգվող ցավեր:
4.Լինում են արգանդի մկանների ոչ ռեգուլյար, ոչ պարբերական կծկանքներ, որոնց շնորհիվ արգանդի պարանոցի լուսանցքը բացվում է և պարանոցից դուրս է գալիս լորձային կամ, այսպես կոչված, կրիստելերյան խցանը:
Ծննդաբերությունը համարվում է սկսված, երբ կան արգանդի մկանների ռեգուլյար պարբերաբար կրկնվող կծկումներ, որոնք կոչվում են կծկանքներ:


Ծննդաբերության արտամղող ուժեր
Ծննդաբերության արտամղող ուժերը երկուսն են.
1.Կծկանքները
2.Ճիգերը

Կծկանքները
Սրանք արգանդի ռիթմիկ կրկնվող կծկումներն են, որոնք սկզբում լինում են 10-15 րոպեն մեկ անգամ, կարճատև և թույլ:
Գնալով դառնում են ավելի հաճախ, երկարատև և ինտենսիվ:
Կծկանքները տեղի են ունենում կնոջ կամքից անկախ և կինն այն ուժեղացնել կամ թուլացնել չի կարող: Կծկանքները սկսվում են արգանդի հատակից և արգանդի փողային անկյուններից ու տարածվում ամբողջ արգանդի մարմնի մկաններով միչև ստորին սեգմենտ: Բնական է, որ արգանդի հատակում և արգանդի մարմնում, որտեղ հաստ մկանաթելեր են, կծկումն ավելի ուժեղ է: Կծկանքների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է միջկծկանքային ընդմիջում:

Ճիգերը
Արտամղող ուժերի 2-րդ կոմպոնենտն են, երբ արգանդի մկանների կծկումներին, այսինքն` կծկանքներին միանում է որովայնի առաջնային պատի մկանների և կոնքի հատակի մկանների կծկումը: Սրանք առաջանում են դարձյալ անկախ կնոջ կամքից, սակայն կինը կարող է որոշ չափով նրանց ուժեղացնել և թուլացնել:










Ծննդաբերության շրջանները
Տարբերում են ծննդաբերության 3 շրջան
1.Առաջին շրջանը արգանդի պարանոցի բացման շրջանն է, որը սկսվում է արգանդի մկանների ռիթմիկ, պարբերաբար կրկնվող, ռեգուլյար կծկումներով և ավարտվում է արգանդի պարանոցի լրիվ` 10-12 սմ բացումով: Ծննդաբերության առաջին ` բացման շրջանը առաջնածինների մոտ տևում է 15-18 ժամ, իսկ կրկնածիններ մոտ 6-9 ժամ:
2.Ծննդաբերության երկրորդ շրջանը արտամղման շրջանն է, որը սկսվում է արգնդի պարանոցի լրիվ բացումով և ավարտվում է պտղի ծնվելով: Առաջնածինների մոտ այն տևում է 1-2 ժամ, իսկ կրկնածինների մոտ 30-60 րոպե:
3.Ծննդաբերության երրորդ շրջանը դա ընկերքային շրջանն է, որը սկսվում է պտղի ծնվելուց հետո և ավարտվում ընկերքի ծնվելով:
Ընկերքային շրջանը առաջնածինների և կրկնածինների մոտ  տևում է 15-20 րոպե: Այսպիսով, ծննդաբերությունը առաջնածինների մոտ տևում է 18-20ժամ, իսկ կրկնածինների մոտ ` 8-10 ժամ:
Ծննդաբերը, երբ գալիս է ծննդաբերելու, ծննդաբերական բաժանմունքի ընդունարանի ֆիլտրում մանկաբարձուհու կողմից որոշվում է, թե նա ծննդաբերական որ բաժանմունքում պետք է ծննդաբերի:
Նորմալ ֆիզիոլոգիական կամ առաջին մանկաբարձական բաժանմունքում ընդունվում են այն ծննդաբերները.
1.Որոնք հետազոտված են կանանց կոնսուլտացիայում, ունեն փոխանակման քարտ և փոխանակման քարտում չկա նշված որևէ ինֆեկցիա:
2.Որոնք չունեն ջերմություն 37 աստիճան ր ավելի:
3.Որոնք չունեն ոջլոտություն, լուծ, մաշկի վրա ցան, բկանցքի կարմրություն, նշագեղձերի բորբոքում:
4.Որոնց պտղաջրերի արտահոսքից չի անցել 6 ժամ:
5.Պտուղը կենդանի է:
6.Որոնց մոտ չկան սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններ, հակառակ դեպքում ծննդաբերը կընդունվի օբսերվացիոն կամ երկրորդ մանկաբարձական  բաժանմունք:


Ընդունարանի ֆիլտրից ծննդաբերը տեղափոխվում է ընդունարանի առաջին ստուգման սենյակ, որտեղ կտրվում է ոտքերի ու ձեռքերի մատների եղունգները, սափրում են թևատակի և ցայլքի մազածածկույթը: Մանկաբարձուհին կատարում է մաքրող հոգնա: Զուգարանից հետո տրվում է անհատական կոմպլեկտ-սպունգով և մեկ անգամ օգտագործվող օճառով, սպւտակեղենով և ուղարկվում է լողարան: Լողանալուց հետո ծննդաբերը հագնում է հիվանդանոցային շապիկը, խալաթը, գլխաշորը և տեղափոխվում երկրորդ ստուգման սենյակ: Ընդունարանի երկրորդ ստուգման սենյակում մանկաբարձուհին լրացնում է ծննդաբերի անհատական քարտը, որից հետո չափում է արյան ճնշումը երկու ձեռքերում, կատարում է հասակաչափում, կշռաչափում, սանտիմետրային ժապավենով որոշվում է որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, որոշվում է պտղի ենթադրյալ քաշը (շրջագիծը սմ-ով բազմապատկվում է արգանդի հատակի բարձրությամբ), որոշվում է պտղի դիրքը, դրությունը, առաջադիր մասը, լսվում է պտղի սրտի բաբախը: Արտաքին հետազոտությունն ավարտելուց հետո ծննդաբերը պառկում է Ռախամանովի մահճակալին և արտաքին սեռական օրգանները մշակելուց հետո ` բժիշկը կատարում է ներքին զննում:
1.Առաջին հերթին ուշադրություն է դարձվում հեշտոցի լայնությանը, ազատ  անանցանելիությանը, պարզվում է չկան  արդյոք սպիներ, կպումներ, ուռուցքներ, միջնապատ հեշտոցում:
2.Շոշափելով արգանդի պարանոցը, որոշվում է նրա կոնսիստենցիան: Ուշադրություն է դարձվում լարվածությանը և լեցունությանը:
3.Ուշադրություն է դարձվում պարանոցի բացվածքին, նրա եզրերին, էլաստիկությանը, փափկությանը, բացվածությանը աստիճանին,  (եթե պարանոցի մեջ մտնում է մեկ մատ , դա արդեն 2սզմ է):
4.Որոշվում է պտղապարկի վիճակը, ամբողջական է, թե բացականում է, իսկ եթե ամբողջական է, ուշադրություն է դարձվում լարվածությանը, և լեցունությանը:
5.Որոշվում է առաջադիր մասը, որ պտղամասն է և փոքր կոնքում, որ հարթակի որ չափին է համապատասխանում: Ուշադրություն է դարձվում փոքր կոնքնի ոսկրային ուռուցքների առկայությանը:
Եթե ներքին զննում կատարելիս պարզվում է, որ պարանոցի բացումը լրիվ չէ, այսինքն չկա 10-12սմ բացում, ծննդաբերը տեղափոխվում է նախածննարան, այսինքն , ծննդաբերը գտնվում է ծննդաբերական գործունեության առաջին` բացման շրջանում: 















0 մեկնաբանություն(ներ):