ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով


Սեռական հարաբերությունները ՄԻԱՎ-ի փոխանցման առավել տարածված ուղին են: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ցանկացած տեսակի սեռական հարաբերության (հեշտոցային, անալ կամ օրալ) ժամանակ: Դա տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ-ով վարակված զուգընկերոջ օրգանիզմի հեղուկները մուտք են գործում  մյուս զուգընկերոջ  օրգանիզմ, անգամ  լորձաթաղանթի անտեսանելի քերծվածքների միջոցով:
Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգն էլ ավելի է մեծանում, երբ զուգընկերներից որևէ մեկն ունի որևիցէ սեռավարակ: 

Սեռավարակները հիվանդություններ են, որոնք  մի մարդուց մյուսին են փոխանցվում սեռական ճանապարհով, ինչպես օրինակ խլամիդիոզը, տրիխոմոնիազը, սեռական օրգանների հերպեսը, սրածայր կոնդիլոման, գոնորեան և սիֆիլիսը:Սեռավարակ ունեցող անձի ՄԻԱՎ-ով վարակման վտանգը 6-10 և ավելի անգամ մեծ է սեռավարակ չունեցողի համեմատ:
Դրա պատճառներն են.


  • որոշ սեռավարակներ ընթանում են սեռական օրգանների շրջանում խոցերի առաջացմամբ, որոնք հեշտացնում են ՄԻԱՎ-ի ներթափանցումն օրգանիզմ:
  • սեռավարակներ ունեցող անձի օրգանիզմի հեղուկներում ավելանում է T -օգնական լիմֆոցիտների, այսինքն` ՄԻԱՎ-ի համար թիրախ համարվող բջիջների քանակը:
Սեռավարակների հնարավոր ախտանիշներն են.
  • սեռական օրգանների շրջանում բաց վերքեր կամ խոցեր
  • սպիտակ, դեղին կամ կանաչավուն, տհաճ հոտով հեշտոցային և միզուկային արտազատուկներ
  • այրոցի զգացում միզելիս
  • քոր սեռական օրգանների շրջանում
  • ցավ որովայնի ստորին մասում կամ գոտկատեղում
  • ցավ շեքի և ամորձիների շրջանում
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանիշների, սակայն այդ դեպքումէլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Հետևաբար վարակվածության կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետ բժշկի` պատշաճ ախտորոշման և բուժման համար:

0 մեկնաբանություն(ներ):